ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Յուրաքանչյուր երկրի ազգային ընկալումն է ճգնաժամը վերածում պրոբլեմի կամ հնարավորության

Յուրաքանչյուր երկրի ազգային ընկալումն է ճգնաժամը վերածում պրոբլեմի կամ հնարավորության
26.05.2009 | 00:00

ՇԱԲԱԹԸ` 12 ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՄԲ
Աստծո անցած յոթ օրում աշխարհում ու Հայաստանում ամեն ինչ կար...
...Մայիսի 23-ին հնչեց 48000 շրջանավարտների վերջին զանգը: Հավուր պատշաճի շա՜տ խոսքեր ասվեցին, մաղթանքներ ու բարեմաղթանքներ, արցունքներ ու հույսեր, խոստումներ ու սպասումներ` ամեն ինչ կար այդ օրը: Տոնական կանխատեսված ու անկանխատեսելի իրադարձությունների կենտրոնում կանգնած է նա` դպրոցն ավարտած ՀՀ քաղաքացին, ում առաջ միայն թղթի վրա գրված ուղերձներում են բացվում մեծ կյանքի դռները, իրականում նրա առաջ շարունակվում է ծննդյան օրից սկսված կյանքը` յուրաքանչյուրի համար սեփականը, միակը, ցանկությունների ու հնարավորությունների հատույթում անցնելիք օրերի գումարը, որտեղ նա ինքը լինելու է հանգամանքների բարեպատեհ ու անպատեհ դասավորության միջակայքում դես ու դեն նետվող մեկը, ինչպես եղել են նրանից առաջ և հետո բոլորը: Մայիսի 23-ին հնչած վերջին զանգը սիմվոլիկ հնչյունախաղ է` բարի երթի ու բարի ելքի ակնկալությամբ:
...Մայիսի 22-ին 85 տարեկան դարձավ Շառլ Ազնավուրը, կենսագիրները նրա երգերի, ֆիլմերի, գրքերի վիճակագրությունը կկազմեն, չմոռանալով, որ 1998-ին Time-CNN համատեղ հարցախույզով նա 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչն է ճանաչվել: Թունդ հայրենասերները նրա ամբողջ գործունեությունը կհանգեցնեն 88-ի երկրաշարժից հետո բարեգործական համերգներին, Գյումրի ու Սպիտակ այցերին, «Քեզ` Հայաստան»-ին, չեն մոռանա, որ նա նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է: Իսկ ոմանց համար Ազնավուրը կմնա այն մարդը, ում երգելիս աշխարհում ամեն ինչ կորչում է գրողի ծոցը, նույնիսկ երաժշտությունը չի լսվում, միայն խզված մի ձայն, որ անգամ անհասկանալի մի լեզվով խոսում է քեզ հետ ու քեզ ասում է հենց այն, առանց ինչի կիսատ ես դու...
...Մայիսի 19-ին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում պրեմիերա էր` Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը», Վահե Շահվերդյանի բեմադրությամբ: Ներկայացումը նվիրված է Վարդուհի Վարդերեսյանի 80-ամյակին. նա հրաժարվել է հոբելյանական միջոցառումներից և ցանկացել է գլխավոր դերում խաղալ այս ներկայացման մեջ: Վարդուհի Վարդերեսյանին շատ բնորոշ ցանկություն` կյանքը թատրոնին ստորադասելու և կյանքը թատրոնով փոխարինելու քայլ: Եվ երբ մարեն հանդիսասրահի լույսերը, նրա ձայնը կելևէջի այն պատերից ներս, ուր դեռ ապրում են Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Արուս Ասրյանի, Վլադիմիր Քոչարյանի և բոլոր նրանց ձայները, ովքեր տասնամյակներ բեմ են բարձրացել, իսկ իր օթյակից կնայի ու կամաց «Աֆերիմ» կասի Վարդան Աճեմյանը, պարբերաբար անհանգիստ դեսուդեն նայելով ու ձեռքի մատիտով ջղաձիգ ուրվանկարելով ժամանակը:
Մայիսի 20-ին վախճանվեց Օլեգ Յանկովսկին: Սովորական հրաշք տեղի չունեցավ, հերթական անգամ բժիշկներն անօգնական հեռացան հիվանդից` նրան թողնելով մենակ իր հիվանդության հետ: Երազում և արթմնի թռիչքներ չեն լինի, թալիսմանը փշրվեց, ո՛չ սուր, ո՛չ վահան, և ո՛չ նույնիսկ սեփական ցանկությամբ սիրահարված` բարոն Մյունհաուզենն իսկապես բարձրացավ հավերժության իր սանդուղքով երկինք, ուր նրան սպասում էին Գորինը, Լեոնովը, Աբդուլովը... «Երբեք չեմ երազել որևէ դերի մասին: Ի՞նչ իմաստ ունի երազելը: Ոչ, ամենասկզբից մեզ առաջնորդում են կյանքում, ուղղակի պետք է զգալ: Առավել ևս դերասանի մասնագիտության մեջ, որ հավանաբար Տեր Աստծուց է տրված»: «Ժամանակակից թատրոնի կարևոր պրոբլեմներից մեկը` նյութի բացակայությունը: Պարզապես դեպրեսիվ ուշ աշուն է»: «Չէի խաղա Վոլանդ: Որովհետև չի կարելի դրան դիպչել: Ոչ Բուլգակովին, այլ Վոլանդին: Համաձայն չեմ նաև այն ֆիլմերի հետ, ուր տարբեր դերասաններ Քրիստոսին են պատկերում: Ոչ մի կողմին էլ ձեռք տալ չի կարելի` ո՛չ այս, ո՛չ այն»: «Ոչ բոլոր ժամանակները կարող են հերոս ձևավորել: Լինում է և անժամանակություն: Հիմա, իմ կարծիքով, անժամանակության ժամանակն է: Ահա և հերոս չկա»: Այսպես էր և այսպես չէր, որովհետև նրա բեմական ու էկրանային հերոսներն իսկապես դարձան իր ապրած ժամանակի հերոսները` դեպրեսիվ ուշ աշնան անժամանակության մեջ:
...ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավետել է, որ 500 մլն ԱՄՆ դոլարի ռուսական կայունացնող վարկը Հայաստանը կստանա բանկային մեկ փոխանցումով` բոլոր ընթացակարգային գործողությունների ավարտին. համաձայնագիրը նախ կներկայացվի նախագահին, հետո կքննարկի Սահմանադրական դատարանը, ապա կվավերացնի խորհրդարանը, և այդ ամենից հետո միայն Հայաստանը խոստացված գումարը կստանա: Կայունացնող վարկի հատկացման նախնական համաձայնագիրը փետրվարի 9-ին էր ստորագրվել: Վարկը տրվում է 15 տարով և կուղղվի ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության թուլացմանը: Փետրվարի 9-ից պարբերաբար քննարկվում էր ու հետաձգվում վարկի հատկացման ժամկետը, և միայն Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններից հրաժարվելուց հետո` նախապես համաձայնություն տալու պարագայում, Հայաստանն արժանացավ այս պարգևին:
...Մայիսի 19-ին հրավիրվեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ` օրակարգում ունենալով Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրները. խորհուրդը քննարկել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կատարումը և հավանություն է տվել:
...«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյաններն իրենց «Նոր պարով» 10-րդն էին: Չպարեց Եվրոպան հայկական նոր պարը: Մրցանակաբաշխության պայմաններն էին փոխվել` նաև պրոֆեսիոնալ ժյուրին էր գնահատում, Ադրբեջանն էր խաղեր տալիս, խոզի գրիպը չի հանդարտվում, քույրերը լավն էին, երգն էր վատը, երգը լավն էր` կատարումը վատ էր, մեզ չհասկացան... Եվրոպան նոր պարը չէր էլ պարելու. Եվրոպան գնահատում է անկեղծությունը, սերը, պարզությունը, իսկ երբ նրա ականջին արհեստական ու շինծու մարմնաշարժության ուղեկցությամբ նաև ճչում են, նա ուղղակի չի հասկանում, բայց բնածին քաղաքակրթությունը թույլ չի տալիս ճչոցին ճչոցով պատասխանել, ուղղակի ասում է` գնա, ապրի, գուցե սովորես երգեր գրել ու երգել:
...Սեպը սեպով են հանում սկզբունքով ակտիվացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. մինչ Արտաշատում շարունակվում են մարտական գործողությունները, որտեղ Աբրահամյանների ընտանիքը գործող անձ է, նա խրոխտ նամակներ է գրում ու հայտարարություններ անում: Մայիսի 14-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 32-րդ նիստի բացման պաշտոնական արարողության ժամանակ ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից հանդես է եկել Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան: Միջազգային կառույցների աշխատանքին անծանոթ ԱԺ նախագահը սրտին մոտ է ընդունել Մուրադովայի «անհասկանալի ելույթը» ու ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշին բողոքել, թե իր գլխավորած կառույցի անունից խեղաթյուրված փաստեր են ներկայացնում, ապատեղեկատվություն են տարածում: Բայց դրանով Հովիկ Աբրահամյանի միամիտ զայրույթը չի ավարտվում. նա անում է զարմանալի մի քայլ, որով հերոսացնում է տիկին Մուրադովային և նրան վերագրում հնարավորություններ, որ հայրենասեր տիկինը կարող է միայն երազել: Իր նամակը Հովիկ Աբրահամյանն այսպես է ավարտում` «Անթույլատրելի եմ համարում ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցչի նման քայլը և հուսով եմ, որ ԵԱՀԿ ԽՎ-ն չի շեղվի իր որդեգրած ուղուց»: Այսինքն` ԵԱՀԿ ԽՎ-ն խախուտ մի կառույց է, որի որդեգրած ուղին ինչ-որ մի ելույթով շեղելն այնքան ռեալ է, որ անհանգստացնում է անդամ երկրի խորհրդարանի նախագահին, ու նա էլ անթույլատրելի է համարում դա: Աբսուրդ` դասական սխեմայով: Հաստատ Սոարեշը, ազդված այդ նամակից, պատրաստվում է հրաժարական տալ, իսկ Մուրադովան շուտով Ադրբեջանի ազգային հերոսի կոչում կստանա, որ այդպես սարսափի է մատնել հակառակորդի խորհրդարանի նախագահին: Գուցե ԱԳՆ-ից Հովիկ Աբրահամյանին բացատրեն, որ թնդանոթով ճնճղուկ չեն խփում:
...Բայց Հովիկ Աբրահամյանի ակտիվությունն այդքանով չի սպառվում։ Ստանձնելով ՀՀ նախագահի մամլո քարտուղարի դերը` նա տեղեկացնում է Մայիսի 28-ին հնարավոր համաներման մասին, իսկ հետո արդեն իր մամլո քարտուղարն է սրբագրումներ անում, թե լրագրողների հետ զրուցելիս ԱԺ նախագահը չի բացառել համաներման հնարավորությունը` հայտնելով իր բարի ցանկությունը: Իսկ նման առաջարկով հանդես գալու իրավունքը վերապահված է ՀՀ նախագահին. այս մասին մամլո քարտուղարը նախ պիտի իր շեֆին տեղեկացներ: Գուցե խորհրդարանի նախագահն ուղղակի հուզված է հարկային փաթեթի քննարկումներից ու չի ուզում, որ հարկայինի ներկայացուցիչը մշտապես լինի իր այն օբյեկտներում, որոնք 500-ից ավելի աշխատակից ու տարեկան 4,5 միլիարդ դրամ հասույթ ունեն: Գիտի, որ նրանք օրենքները պատվերով են գործադրում ու շրջանցում, և վախենում է, որ իրեն էլ «պատվիրեն»... Աչքի առաջ լիքը օրինակներ կան:
...Ընտրական համակարգերի կենտրոնի Vox Populi սոցիոլոգիական հետազոտությունների խումբը մայիսի 16-21-ը հարցում է անցկացրել մայիսի 31-ի ավագանու ընտրությունների վերաբերյալ, որին մասնակցել է 1270 ընտրող: «Ո՞ր կուսակցությունն եք ընտրելու» հարցին նրանց 30,7 տոկոսը պատասխանել է` ՀԱԿ-ին, 25,4 տոկոսը` ԲՀԿ-ին, 16,3 տոկոսը` ՀՀԿ-ին, 4,4 տոկոսը` ՀՅԴ-ին, 2,3 տոկոսը` ՕԵԿ-ին, 1,8 տոկոսը` ԺԿ-ին, 19,3 տոկոսը չի կողմնորոշվել: Արդեն հաջորդ շաբաթ այս թվերն ավելի ճշգրիտ կլինեն, թեպետ ոչ մի երաշխիք, որ ԿԸՀ-ի տվյալները և իրական քվեարկությունը համարժեք են լինելու:
...Հայ-թուրքական հարաբերությունները, ավելի ճիշտ` դրանց տեղատվության փուլը, առայժմ հանդարտ են անցնում, կողմերը հանդես են գալիս թեթև սիրախաղով, որ ընդամենը նշանակում է` գործընթացը շարունակվում է: Sabah-ը գրում է, որ մայիսի 13-ին Ադրբեջանում արված Էրդողանի հայտարարությունը, թե Հայաստանի ու Թուրքիայի սահմանները չեն բացվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, զրոյի հավասարեցրեց Թուրքիայի ու Հայաստանի համատեղ քայլերը` առանց նախապայմանների սահմանի բացման ուղղությամբ: Իսկ այդ հայտարարությունը կրկնում էր Թուրքիայի անվտանգության խորհրդի դիրքորոշումը. ԱԽ-ի անդամները ցանկանում են «առաջ մղել Հայաստանի ու Թուրքիայի միջև կարգավորման գործընթացը», բայց «չեն կարող կորցնել Ադրբեջանը»: Թուրքիան ու Ադրբեջանը կարող են տարաձայնություններ ունենալ, բայց Ադրբեջանի կորուստը նույնիսկ իբրև հարց չի կարող դրվել` այս մասին է Էրդողանը խոսել Ադրբեջանի խորհրդարանում: Ի հակակշիռ` Ֆրանսիան նախազգուշացնում է թուրքական իշխանություններին, որ պետք չէ շաղկապել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման բանակցությունները և Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի պատճառով: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարել է, որ «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկու տարբեր գործընթացներ են և պետք է զուգահեռվեն` յուրաքանչյուրն իր ռիթմով»: Երկու գործընթացներում էլ առաջընթացը դրական կազդի Հարավային Կովկասի իրավիճակի վրա: Ֆրանսիան խրախուսում է դիվանագիտական կապերի վերականգնումը և կշարունակի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հայտարարությունն արվել է Էրդողանի հայտարարությունից մեկ շաբաթ անց: Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Բրյուսելում մասնակցում էին Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին: Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, արտաքին քաղաքականության գերակայությունները, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը. ղարաբաղյան հակամարտության հաղթահարման հնարավորությունները, Օհանյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառի և անվտանգության ոլորտի բարեփոխումները: ՆԱՏՕ-ի անդամ 18 երկրների ներկայացուցիչներ իրենց ելույթներում բարձր են գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը Հայաստանում և պատրաստակամություն են հայտնել նպաստել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Այսպես` ուրեմն, տեղատվությանը հաջորդելու է մակընթացությունը: Եթե ոչ մինչև ֆուտբոլ ու ֆուտբոլից հետո, ապա ընդհանրապես, սկզբունքորեն, համենայն դեպս ու մասնավորապես:
...Ճապոնացիները «ճգնաժամ» բառի համար ունեն երկու հիերոգլիֆ. մեկը նշանակում է հնարավորություն, մեկը` պրոբլեմ: Եվ միայն յուրաքանչյուր երկրի ազգային ընկալումն է ճգնաժամը վերածում պրոբլեմի կամ հնարավորության:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2797

Մեկնաբանություններ